Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կմիանա Գազայի հարցով Խաղաղության խորհրդին՝ որպես դիտորդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հրավեր ենք ստացել՝ որպես դիտորդ, և սա համարում ենք լավ որոշում՝ հաշվի առնելով մեր սահմանադրության հետ կապված խնդիրները, որոնք մեզ խանգարեցին միանալ Խաղաղության խորհրդին: Կընդունենք հրավերը»,- ասել է նա։
Մելոնին պարզաբանել է, որ մասնակցության մակարդակի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետը կարող է մասնակցել Խաղաղության խորհրդի նիստին, որը կկայանա փետրվարի 19-ին՝ Վաշինգտոնում։
Իտալիան հրավեր էր ստացել, բայց չէր միացել Խորհրդին՝ վկայակոչելով ինքնիշխանության և հավասարության վերաբերյալ սահմանադրական որոշակի դրույթների հետ Խորհրդի կանոնադրության անհամապատասխանությունը։
Հունվարի 22-ին 19 երկրի ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել էին Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհրդի կազմում է նաև Հայաստանը։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Խաղաղության խորհրդին։





































