Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ամփոփելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ստորագրումից հետո արված հայտարարության մեջ Վենսը նշել է, որ համաձայնագրի իրականացումը ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ գործարքների համար:
«Դա նշանակում է մինչև 5 մլրդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած՝ լրացուցիչ 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,- ասել է նա:
Վենսը հավելել է, որ համաձայնագիրն էներգետիկ անվտանգության և աշխատատեղերի ստեղծման առումով փոխադարձաբար օգտակար կլինի երկու երկրների համար։
Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ ատոմային համագործակցության համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաստատել է Nvidia-ի կողմից արտադրված «գերհզոր չիպերի» մեկ այլ խմբաքանակի Հայաստան մատակարարման թույլտվությունները։ Փաշինյանը նաև Վենսի այցը Հայաստան անվանել է «հիմնական քայլ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման և Երևանի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման գործում։
Նա նաև հայտարարել է, որ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը նաև աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ կապված հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
«Իրականում՝ հարցը նրանում է, թե ինչպես ենք մենք խաղաղության համաձայնագիրը տեղափոխելու հաջորդ, հաջող փուլ: Ինչպե՞ս վարչապետին լավ դիրքում պահել, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա: Գիտեմ, որ նա ընտրություններ ունի: Եթե իմ աջակցությունը որևէ բան նշանակում է, ապա նա անպայման ունի այն, քանի որ այնպիսի մարդ է, ով կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն»,- ասել է Վենսը:
Քաղաքացիները, հասարակական ու քաղաքական գործիչներն ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին զուգահեռ ակցիաներ էին իրականացրել Երևանում՝ առավոտյան ԱՄՆ դեսպանատան, երեկոյան՝ նախագահական նստավայրի դիմաց՝ բարձրացնելով Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանի կալանավայրերում պահվող հոգևորականների ու քաղբանտարկյալների ազատման հարցը։



































