Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, սակայն ԱՄՆ-ին կբավարարի միայն այնպիսի գործարքը, որն Իրանին կզրկի միջուկային և հրթիռային ծրագրերից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Interfax-ը:
«Սա կլինի լավ գործարք․ ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, ոչ մի ավելորդ բան, այն ամենը, ինչ դուք ուզում եք»,- ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։
«Ինչպես գիտեք, այժմ Իրանի ուղղությամբ ուղևորվում է հսկայական նավատորմ։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Կարծում եմ՝ հիմարություն կլիներ, եթե դա չանեին»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Նա հիշեցրել է, որ անցած ամռանն ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանում միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին։
«Նախորդ անգամ մենք խոցեցինք նրանց միջուկային ներուժը, տեսնենք՝ այս անգամ ավելի՞ շատը կխոցենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ էին կայացել Օմանում, կողմերը պայմանավորվել էին շարունակել բանակցային գործընթացը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը պնդել էր լայն օրակարգ, որը, մասնավորապես, ներառում էր իրանական հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իրանը, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել քննարկել միայն իրանական միջուկային նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







