ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներն առաջիկա ժամերին ուղիղ բանակցություններ կանցկացնեն Օմանում՝ ճգնաժամի կտրուկ սրման և երկու երկրների միջև ուղղակի ռազմական բախման մտավախությունների ֆոնին, հայտնում է BBC-ն։
Բանակցություններում ԱՄՆ-ն կներկայացնեն նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ կողմերը նախկինի պես հեռու են համաձայնությունից։ Վաշինգտոնը պահանջում է սառեցնել Իրանի միջուկային ծրագիրը, հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից, ինչպես նաև քննարկել հրթիռային ծրագիրը և Թեհրանի աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին: Իրանը պնդում է, որ երկխոսությունը սահմանափակվելու է բացառապես միջուկային թեմատիկայով։
Բանակցություններն ընթանում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումից և Թրամփի կոշտ հայտարարություններից հետո, որն ավելի վաղ սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանին համաձայնության բացակայության դեպքում: Թեհրանն, իր հերթին, հայտարարել էր հնարավոր հարձակմանն ուժով պատասխանելու պատրաստակամության մասին:
Սրանք ԱՄՆ-ի և Իրանի առաջին ուղիղ շփումներն են նախորդ տարի Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունից և իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո: Թեհրանը հայտարարել էր, որ հարձակումներից հետո ուրանի հարստացումը դադարեցվել է։





































