Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հնարավոր է ստիպված լինի մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրները։
Նման խոսակցությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակումը, ով մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ընկերություն է արել: Այս պատմությունն արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինիի հրաժարականին, որը փետրվարի 8-ին վայր էր դրել լիազորությունները:
Ըստ Bloomberg-ի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության մի շարք պատգամավորներ զարմացած են, որ Սթարմերը նախկինի պես պահպանում է իր պաշտոնը՝ չնայած այն հանգամանքին, որ հենց նա է թույլատրել Մանդելսոնին դեսպան նշանակել: Ինչպես նշել է գործակալությունը, Դաունինգ սթրիթ 10-ի գրասենյակի որոշ աշխատակիցներ մասնավոր կարգով կոչ են անում կառավարության անդամներին համոզել վարչապետին հրաժարական տալ, կամ էլ իրենք դուրս կգան նախարարների կաբինետից՝ նրա հեռանալը հրահրելու համար: Նախարարներից մեկի խորհրդականի խոսքով՝ հավանականությունը, որ Սթարմերն առաջիկա շաբաթ կմնա աթոռին, կազմում է 50/50:
Գործակալությունն ընդգծել է, որ պաշտոնը պահպանելու համար Սթարմերը կարող է առաջարկել կառավարություն վերադառնալ իր նախկին տեղակալ Անջելա Ռեյներին, որն անցած տարվա սեպտեմբերին լքել էր գործադիրը՝ Անգլիայի հարավում բնակարան գնելիս դրոշմանիշային վճարը չվճարելու սկանդալի ներքո:



































