Հունաստանը նավատերերին զգուշացրել է Իրանի ափերի մոտ նավարկելու վտանգների մասին՝ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Հունաստանի նավագնացության նախարարությունը խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով նավարկել ԱՄԷ-ին և Օմանին ավելի մոտ։
Իրանում բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում 2025 թվականի դեկտեմբերի վերջից՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել էր ավելի քան 3000 մարդ։ Time ամսագիրը, հղում անելով Առողջապահության նախարարության երկու պաշտոնյաների, հայտնել էր 30 000 զոհի մասին։
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փետրվարի 1-ին և 2-ին Հորմուզի նեղուցում կանցկացնի մարտական կրակոցներով վարժանքներ։
Հունվարի 29-ին Եվրամիությունը հաստատել էր Իրանի դեմ նոր պատժամիջոցներ։ Միջոցառումներն ուղղված են երկրում բողոքի ցույցերը ճնշելուն մասնակցող անհատներին և կազմակերպություններին։ Պատժամիջոցների ցանկում ներառված է Իրանի անվտանգության և արդարադատության 15 պաշտոնյա, ինչպես նաև 6 իրավաբանական անձ։






































