Մասնավոր Bombardier Challenger 650 ինքնաթիռն, ութ ուղևորով, թռիչքի ժամանակ ԱՄՆ Մեն նահանգի Բանգոր օդանավակայանում վթարի է ենթարկվել, հայտնել է CNN-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ձնաբքի պատճառով։ Ուղևորների վնասվածքների աստիճանը դեռևս անհայտ է, նշել է կայքը։
Օդանավակայանի ղեկավարությունը լրատվականին հայտնել է, որ արտակարգ ծառայությունները միջադեպին արձագանքել են հունվարի 25-ին՝ արևելյան ժամանակով ժամը 19:45-ի սահմաններում (հունվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 4:45-ին): Օդանավակայանը փակվել է միջադեպի պատճառով։
Մեն նահանգում ջերմաստիճանը զրոյից զգալիորեն ցածր է, իսկ թույլ ձյունը շատ վատ տեսանելիություն է առաջացնում։ CNN-ը պարզաբանել է, որ դաշնային գրառումների համաձայն՝ ինքնաթիռը գրանցված է Հյուստոնում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, Associated Press-ը հայտնել էր, որ ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ավելի քան 10 նահանգում։ Մեկ օր առաջ ABC News-ը հայտնել էր, որ արտակարգ դրություն է հայտարարվել 14 նահանգում։





































