Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի ու ԱՄՆ առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան տեղի կունենա, և անհրաժեշտ են համարում Վաշինգտոնի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության շարունակումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Interfax-ը:
«Հենց ամսաթիվը համաձայնեցվի, հույս ունենք, որ այցը կկայանա։ Երկխոսությունը համարում ենք անհրաժեշտ, հրատապ և կարևոր»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ուիթկոֆն ու Քուշներն առաջիկա շաբաթներին կայցելեն ՌԴ, որպեսզի ստանան Մոսկվայի պատասխանը Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի խաղաղ նախաձեռնություններին:
Պեսկովը պարզաբանել է, որ «ամերիկացիները շատ խոսակցություններ են ունեցել և՛ ուկրաինացիների, և՛ եվրոպացիների հետ»։
«Կարևոր է, որ ռուսական կողմը ևս շարադրի իր տեսակետներն այն քննարկումների վերաբերյալ, որոնք ընթանում են»,- շեշտել է նա:
ԱՄՆ նախագահը հունվարի 14-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձգձգում է հակամարտության կարգավորման խաղաղ պլանի համաձայնեցումը:




































