Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Զրույցի մանրամասները հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նրա խոսքով՝ զրույցը նախաձեռնել է Թրամփը, ով ցանկանում էր քննարկել մի շարք հարցեր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե, այն «բարեկամական էր, սրտառուչ և գործնական»։
Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել ուկրաինական հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ շարժվելու հարցում: Պուտինը շեշտել է նախկինում քննարկված պայմանավորվածությունների և մոտեցումների պահպանման կարևորությունը, այդ թվում՝ Անքորիջում տեղի ունեցած շփումների և երկկողմ հանդիպումների ժամանակ։
Ինչպես նշել է Ուշակովը, առաջնորդները համաձայնել են, որ տարբեր պատրվակներով ժամանակավոր հրադադարը կարող է հանգեցնել հակամարտության երկարաձգման։ Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի հանձնառության մեջ քաղաքական և դիվանագիտական լուծման հարցում և մտադիր է դա հաշվի առնել Զելենսկու հետ բանակցություններում։
Պուտինն աջակցել է կարգավորման աշխատանքները երկու հատուկ աշխատանքային խմբերի շրջանակներում շարունակելու առաջարկին․ մեկը՝ անվտանգության և մյուսը՝ տնտեսական հարցերով։ Նշվել է նաև, որ ռազմական գործողությունների վերջնական դադարեցման համար անհրաժեշտ են Կիևի քաղաքական որոշումները, այդ թվում՝ Դոնբասի հարցերով։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները համաձայնել են վերականգնել կապը Թրամփի և Ուկրաինայի նախագահի շփումների ավարտից հետո։
Ավելի վաղ Թրամփն իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազանգը որակել էր «լավ և շատ արդյունավետ»։ Սա Պուտինի և Թրամփի միջև իններորդ հեռախոսազրույցն էր Սպիտակ տան ղեկավարի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր։ Նախորդ զրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին և մեծ մասամբ նվիրված էր ուկրաինական ճգնաժամին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







