Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:35

Հայաստանի հետ հարաբերությունների վերափոխումը մտահոգել է Ռուսաստանին․ Փաշինյան

Հայաստանի հետ հարաբերությունների վերափոխումը մտահոգել է Ռուսաստանին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի մտահոգությունները կապել է ոչ այնքան Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման, որքան հայ-ռուսական հարաբերությունների բուն մոդելի փոփոխության հետ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ավելի շուտ պատրվակ է դարձել Ռուսաստանում մտահոգությունների համար, մինչդեռ այդ մտահոգությունների «հիմնարար պատճառը» Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սկսված վերափոխումն է։

«Ընդ որում՝ այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ, մեծ հաշվով, բնական գործընթաց»,- հայտարարել է վարչապետը։

Միաժամանակ՝ Փաշինյանը Ռուսաստանում գործող «որոշ շրջանակների» և հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել է Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու միջոցով սոցիալ-տնտեսական ճգնաժամ ստեղծելու և իշխանափոխության հասնելու փորձի մեջ։

Փաշինյանի պնդմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները Ռուսաստանին «խնդրել և քաջալերել էին սահմանափակումներ կիրառել Հայաստանի արտահանման նկատմամբ»։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ընդդիմության նույն ներկայացուցիչները «ռուսաստանյան նույն շրջանակներին» հավաստիացնում են, որ սահմանափակումները շարունակելու և խստացնելու դեպքում Հայաստանում հնարավոր կլինի սոցիալ-տնտեսական ճգնաժամ առաջացնել և փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնել։

Փաշինյանը պնդել է, որ հենց սա է «գաղտնի պլանը», որի մասին ավելի վաղ խոսել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունների նպատակը Մոսկվայի հետ փոխշահավետ, բազմոլորտ համագործակցությունն է, ինչպես նաև նոր տարածաշրջանային պայմաններում երկկողմ հարաբերությունների վերափոխումը, զարգացումն ու խորացումը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում այլ են, իսկ այն պայմաններում, երբ, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն չկա և հեռանկարը դրական է, բոլորովին այլ։

Վարչապետը հայտարարել է, որ երկու դար շարունակ հայ-ռուսական հարաբերությունները հիմնականում ընկալվել են ռազմական անվտանգության և այն պատկերացման համատեքստում, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է։

Սակայն, նրա գնահատմամբ, 2021-2023 թվականների իրադարձությունները ցույց են տվել, որ սեփական անվտանգային խնդիրների պատճառով Ռուսաստանը «երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ» այդ դերը կատարելու հարցում։

Փաշինյանը հարաբերությունների ներկայիս վերափոխումը կապել է նաև հայ ժողովրդի պատմական փորձի հետ։ Նրա վարկածով՝ 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն ահագնացել են, երբ հայերը որոշել են իրենց հարցերը լուծել միջազգային երաշխավորների միջոցով՝ հենվելով նաև արտաքին ուժային գործոնների վրա։

«Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես՝ Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ընկալումն ավելի էր ուժեղացնում հայերի շուրջ ձևավորվող թշնամանքը, իսկ երբ Ռուսաստանը ներքին խնդիրների և այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, հայերը «մենակ մնացին» իրենց թշնամի համարող և իրենց կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։

«Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները՝ ցեղասպանություն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, այդ պատմական դասը չի յուրացվել նույնիսկ 21-րդ դարում։

Նա կոչ է արել հրաժարվել արտաքին երաշխավորների վրա հենվելուց և «պատմական արդարության» մասին պատկերացումներից՝ հայտարարելով, որ հայերի ազգային իղձերն արդեն իրագործված են ներկայիս Հայաստանի Հանրապետությունում։

«Պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքները և իղձերն իրականացված են, և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է»,- հայտարարել է նա։

Կառավարության արտաքին քաղաքականությունը Փաշինյանը բնութագրել է որպես «հավասարակշռված և հավասարակշռման» քաղաքականություն։ Առաջնահերթությունների թվում նա նշել է Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մասնավորապես, իշխանությունները մտադիր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։

Փաշինյանը նաև կոչ է արել դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունն սպառնալիք է՝ անկախ տվյալ պահին այդ շուկայի հետ հարաբերությունների վիճակից։

«Սա սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար»,- հայտարարել է Փաշինյանը։

Որպես դիվերսիֆիկացման օրինակ՝ վարչապետը նշել է նավթամթերքի շուկան՝ ընդգծելով, որ 2024-2026 թվականներին Հայաստան նավթամթերք է ներմուծվել 20 տարբեր երկրներից։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսին հայտնել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են։ Կոպիրկինը դա կապել էր փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ պայմաններին հարմարվելու հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այդ գործընթացը Երևանի հետ վարել կառուցողական և փոխշահավետ ձևով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+