Իրանը կարող է արդար համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Թեհրանի «կարմիր գծերը», հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Իրանը լիովին պատրաստ է հասնել հավասարակշռված և արդար համաձայնության, որը կապահովի խաղաղություն և կայուն անվտանգություն տարածաշրջանում։ Եթե ԱՄՆ-ն հետևի միջազգային իրավական նորմերին, համաձայնության հասնելը լիովին հնարավոր է»,- նրա խոսքերն է մեջբերել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո չեն կարողացել համաձայնության հասնել պատերազմի դադարեցման շուրջ։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:




































