Վերջերս ԱՄՆ-ում գրանցվում է վեյփինգից (էլեկտրոնային ծխախոտեր) հոսպիտալացումների դեպքերի հաճախակիացում։
Դեռևս 2 շաբաթ առաջ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին մի քանի տասնյակ տուժածների միաժամանակայա հոսպիտալացման մասին. նրանք բուժհաստատություններ էին բերվել սուր շնչառական հիվանդությունների նախանշաններով։
Հետագայում պարզվել էր, որ վերոնշյալ անձինք նույն ժամանակահատվածում հաճախակի օգտագործել են ամենատարբեր տեսակի էլեկտրոնային ծխախոտեր։ Այսպիսով, այս ցավալի վիճակագրության արդյունքում՝ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում գրանցվել է էլեկտրոնային ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած շնչառական հիվանդությունից մահվան առաջին դեպքը։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իլինոյսի նահանգի հանրային առողջապահության դեպարտամենտին։ Համաձայն գերատեսչության տեղեկատվության՝ նահանգում կտրուկ աճել է վեյփ ծխող մարդկանց հոսպիտալացումների թիվը:
Վեյփինգի հետևանքով սուր շնչառական հիվանդություններով տառապող թիրախային խմբում հայտնվել են 17-38 տարեկան 22 մարդ: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նույնպես հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վեյփինգը 22 ամերիկյան նահանգներում հանգեցրել է թոքերի քաղցկեղի առաջացման 193 դեպքի։
Այս վիճակագրությանն ուղիղ համեմատական ԱՄՆ-ում աճում է նաև էլեկտրոնային ծխախոտեր օգտագործողների թիվը. դրանց թվում գերազանցապես դեռահասներն են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







