Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները Առողջապահության նախարարի 2019թվականի հոկտեմբերի 24-ի No 3100-Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:
Ինչպես նշում է աղբյուրը, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







