Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան, որը WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 118-րդ տեղը, Պեկինում անցկացվող WTA 1000 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային։
Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:4, 6:3 հաշվով և տևել 2 ժամ 11 րոպե։ Չարաևան պարտվել է առաջին սեթում, սակայն կարողացել է փոխել հանդիպման ընթացքը և հաղթել հաջորդ երկու սեթում։ 24-ամյա մարզուհին իր կարիերայում առաջին անգամ հաղթել է աշխարհի լավագույն 20-յակում ընդգրկված մրցակցի և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին թենիսիստուհին, որը հաղթել է աշխարհի գործող առաջին ռակետին։
Բացի այդ, Չարաևան դարձել է WTA-ի վարկանիշի ներդրումից՝ 1975 թվականից ի վեր ամենացածր հորիզոնականում գտնվող թենիսիստը, որին հաջողվել է առաջին սեթում պարտվելուց հետո հաղթել աշխարհի առաջին ռակետին։
«Խոսքեր չունեմ։ Սա անհավանական է։ Նա հիանալի թենիսիստուհի է, և ինձ համար սա իրականացած երազանքի պես է»,- Ռիբակինայի մասին խոսելիս ասել է Չարաևան։
Ռիբակինայի համար սա առաջին հանդիպումն էր աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Նա գլխավորել էր WTA-ի վարկանիշը՝ US Open-ում հաղթելուց հետո։ Ռիբակինան WTA-ի պատմության երկրորդ թենիսիստուհին է, որը պարտվել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում անցկացրած առաջին իսկ հանդիպումը։
Երրորդ շրջանում Չարաևան կհանդիպի բրիտանացի Սոնայ Քարթալի հետ, որը WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 129-րդ տեղը։
Չարաևան հուլիսին փոխել էր մարզական քաղաքացիությունը և այժմ ներկայացնում է Հայաստանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







