«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-ի եթերում անդրադարձել է անգլիական «Լիդս Յունայթեդ»-ի կողմից իր նկատմամբ դրսևորված հետաքրքրությանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ բանակցությունները տեղի են ունենում վերջին պահին, ինչը լուրջ չընդունելու պատճառ է դառնում:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկուկես օր առաջ զանգ է ստացվում. «Լսիր, «Լիդսը» պատրաստ է վարձավճարով առաջարկ անել՝ հետագա գնման իրավունքով»: Ես ասում եմ՝ «Ինչի՞ համար եք ինձ զանգում: Դուք ընդհանրապես ո՞վ եք»: Ես գործակալ չունեմ: Ասում եմ՝ «Զանգեք ակումբ: Ինչո՞ւ եք ինձ զանգում, երբ մեկ օր է մնացել»: Ես դա լուրջ չընդունեցի: Ու այսպես անընդհատ է կրկնվում»,- պատմել է ֆուտբոլիստը։
Սպերցյանը նշել է, որ «Լիդսը» հետաքրքրված էր նաև ամռանը և նախորդ մրցաշրջանում, սակայն ամեն անգամ բանակցությունները ձգձգվում էին մինչև վերջին օրը:
«Անհնար է մեկ օրվա ընթացքում նման հարցեր լուծել: Ես համոզված եմ, որ նրանք ակումբի կոնտակտներն ունեն: Եթե իսկապես ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի, պետք է անմիջապես կապ հաստատեն ակումբի հետ, այլ ոչ թե ինձ զանգեն»,- եզրափակել է նա։
Սպերցյանը 2025-2026 մրցաշրջանում «Կրասնոդար»-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։





































