COVID-19 կորոնավիրուսի տարածման վերջնական դադարեցումն աշխարհում հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ լինի։ Այս մասին Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեսիոսը: Աշխարհում այս պահին հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,9 միլիոն դեպք, մահացել՝ 114 հազար մարդ:
«Վերջիվերջո, անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի մշակման շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ կասեցնել վիրուսի տարածումը»,- ասել է պարոն Հեբրեսիոսը: Նա նաև հայտնել է, որ պատվաստանյութի վերամշակումն անհրաժեշտ է նախևառաջ COVID-19- ի վերատարածման ռիսկով պայմանավորված:
Ըստ նրա՝ կորոնավիրուսի նոր ալիք կարող է առաջանալ «գլոբալ փոխկապակցվածության» պատճառով: ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ COVID-19- ը արագորեն տարածվում է, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան H1N1 խոզի գրիպը, որը համաճարակի պատճառ դարձավ 2009 թվականին:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը հայտնել էր, որ շատ երկրներում իրականացվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներ: Այնուամենայնիվ, գործընթացի երկարատևության պատճառով, որն իր մեջ ներառում է դեղամիջոցի սինթեզը և խիստ կլինիկական փորձարկումները, պատվաստանյութը կարող է հայտնվել ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







