Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման կանոնները։
«Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն»։
Ներկա փուլում, փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելիս պետք է պահպանվեն ստորև ներկայացված կանոնները:
Արտադրական տեղամասերում պետք է նշանակվեն կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու: Վերջինս ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը, անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը։
Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը։ Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:
Փակ արտադրական տարածքը կազմակերպվում է հետևյալ կերպ։ Պետք է Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով։ Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ:
Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը: 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքում գտնվող ձեռքով հաճախակի հպման մակերեսները։
Անձնակազմի համար կանոններ։ Ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:
Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
Աշխատողները 3-4 ժամը մեկ փոխում են դիմակները/դիմային վահանակները: Բացառվում են մեկանգամյա դիմակների և ձեռնոցների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործումը:
Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը ընկերության վարչական տարածքից:
Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց:
Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններ. Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան: Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







