Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին: Այս մասին Armenia Today-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված:
Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







