Կենտրոնական բանկի առջև այսօր՝ մայիսի 12–ին, վարկային կազմակերպությունների տրամադրած տոկոսադրույքների դեմ բողոքի ակցիա իրականացրած և այնտեղից բերման ենթարկված Մանուել Մանուկյանը և նրա հարազատ եղբայրը դուրս են եկել ոստիկանության կենտրոնի բաժնից։
ԿԲ դիմաց ցույցի ակտիվիստ Էմանուել Մանուկյանը և իր եղբայրը բերվել էին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Մանուկյանը չէր ենթարկվել Ոստիկանության աշխատակցի հորդորին՝ դադարեցնել ցույցը ողջամիտ ժամկետում, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի սոցիալական հեռավորություն։
Ոստիկանության շենքից դուրս գալով՝ Մանուկյանը նշել է, որ շտապօգնության մեքենայով պետք է գնան հիվանդանոց, քանի որ վնասվածքներ ունեն՝ ձեռքի և գլխի։
«Ոստիկանների կողմից ուժ է կիրառվել։ Հետագա գործողությունների մասին կհայտարարեմ, երբ հիվանդանոցից դուրս գամ։ Իմացեք, որ մենք միասին վաշխառու, թալանչի բանկային համակարգը բերելու ենք այն մակարդակին ենք հասցնելու, որ ծառայելու է հասարակ քաղաքացուն»,– ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը հրահրել է, որ մարդիկ դուրս գան փողոց և ամբողջ պատասխանատվությունը նա է կրելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







