Քոբուլեթում՝ Սև ծովում ջրահեղձ լինելու հետևանքով մահացած 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը՝ Արեանա Գրիգորյանը, հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե իրեն փրկել են։
ԶԼՄ-ները գրել էին, որ Գրիգորյանն այդ պահին նույնպես ծովում էր, և փրկարարներին հաջողվել է նրան դուրս բերել ափ։
«Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։ Ինձ ոչ ոք չի փրկել, ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել»,- գրել է նա։
Գրիգորյանը պատմել է, որ երբ ջուրն են մտել, ալիքներն այդքան մեծ չէին, հետո միանգամից են ուժեղացել։
«Այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չկար, որ օգնության գար։ Նրանք շատ ուշ են եկել»,- հավելել է նա։
Հակոբյանի ջրահեղձ լինելու մասին սոցցանցերում հայտնի էր դարձել օգոստոսի 27-ին։





































