Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել, որ հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
«Գազպրոմ Արմենիայից» Tert.am-ին նաև տեղեկացրել են, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով փոխանցվել է 1 մլրդ 698 հազար 872 մլն 781 մլն դրամ։
Խոսքը Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումների մասին է, որով պետությունը որոշ չափով վճարելու է փետրվար ամսին սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարները։ Մասնավորապես, մինչև 10 հազար դրամ սպառած գազի դիմաց պետությունը փոխհատուցելու էր 50 տոկոսը, մինչև 30 հազար դրամի դեպքում՝ 30 տոկոսը։
«2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում տրամադրվել է 215 695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 474 903 616 դրամ: 2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել է 206 136 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 1 223 969 165 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







