Չնայած կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սուր իրավիճակի պահպանմանը, ներկայումս եվրասիական տարածքում հիվանդության պայթյունավտանգ աճ չի նկատվում: Այս մասին հայտարարվել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի նախագահությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, փոխանցում է EADaily-ն։
Ինչպես նշված է նիստի ժամանակ, Միության անդամ երկրներում և Ուզբեկստանում Covid-19-ի վարակման դեպքերի ընդհանուր թիվն այսօր չի գերազանցում 90 հազարը:
Մասնակիցները ուշադրություն են դարձրել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում փոխգործակցության հետագա կառուցմանը։ Մոտ ժամանակներս կհամաձայնեցվի Միության տարածքում նոր կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համալիր պլանը: Հանդիպման ավարտին նշվել է, որ տարածաշրջանի բոլոր պետությունների համար առանցքային խնդիրներն են քաղաքացիների առողջության պահպանումը, համաճարակի հետևանքների նվազեցումը և պետությունների միջև փոխգործակցության գործուն մեխանիզմների ստեղծումը՝ մարդկությանը նոր մասշտաբային սպառնալիքի համատեղ հակազդման համար:
Տեսակոնֆերանսի ռեժիմով նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հրավիրվել են նաև Ուզբեկստանն ու Տաջիկստանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







