Հայտարարությունից հետո, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում էլեկտրաէներգիան ու գազը կանջատվի, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամ վճարումներ եղան համակարգում, սրանով մենք համակարգը փրկեցինք կոլապսից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ունենք հետևյալ վիճակագրությունը. Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ Էլեկտրաէներգիայի 4300 բաժանորդների և 736 գազի բաժանորդների մատակարարումն անջատվել է։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կանգնել էին մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է անջատել բոլոր այն բաժանորդների հոսանքի ու գազի մատակարարումը, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն վճարում՝ հավելելով, որ իրենց նպատակն է օգնել մարդկանց, որոնք ունեն սոցիալական խնդիր ունեն և չեն կարողանում վճարել։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն մեկ տարի, մինչև մյուս տարվա մարտ կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Եվ եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, նույնն է, թե ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը հնաև տեղեկացրեց, որ 11-րդ և 12-րդ ծրագրի շահառուների հոսանքը չի անջատվել։
«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիքավորներին։ Իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։ Ես հասկանում եմ, որ բոլորս էլ տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ տուժենք։ Բոլորդ պատրաստվեք, որ մինչև մյուս տարի կորոնավիրուսը լինելու է։ Պետք է սովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրենլ հնարավորինս բնականոն պայմաններով»,-նշեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







