Մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Ցուցաբերված դրամական աջակցությունը վերաբերել է ավելի քան 460 հազար քաղաքացիների»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Վարչապետի օգնականը հայտնեց, որ աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 90 հազար քաղաքացիների, ովքեր հանդիսացել են տուժած ոլորտներում վարձու աշխատող կամ կորցրել են իրենց աշխատանքը:
«Արդեն աջակցություն է ցուցաբերվել 70 հազար ընտանիքների, որտեղ ծնողները չեն աշխատում և ունեն անչափահաս երեխաներ»,- ասաց Սարգսյանը։
Վարչապետի օգնականը տեղեկացրեց, որ 13-րդ ծրագրով այս ամսվա վերջում նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է 1.2 մլրդ դրամի չափով աջակցություն, որը կվերաբերի 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ:
Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







