Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ Հայական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Պատասխանատվության չափերը բավական մեծ են և բավական խիստ։ Գերիշխող դիրքի կամ շուկայական իշխանության չարաշահման կամ մոնոպոլ դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեպքում տնտեսվարող սուբյեկտները մինչև նախորդ տարվա ամբողջ հասույթի 10 տոկոսի չափով կարող են տուգանվել։ Հակամրցակցային համաձայնության գալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են տուգանվել նախորդ տարվա ամբողջ հասույթի 5 տոկոսի չափով։ Եթե տնտեսվարողները չարաշահեն իրենց գերիշխող դիրքը և այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավել շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- նշեց Գևորգյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում նման խախտումները կդիտվեն որպես ծանրացնող հանգամանք։
Անդրադառնալով թանկացումներին նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ն հսկում է գների դինամիկան, բայց ոչ գնաճը։ Գևորգշյանը նշեց, որ ձուն չի թանկացել, այլ եկել է իր նորմալ արժեքին, որովհետև ձվի էժան լինելու հիմքով մինչ կորոնավիրուսի տարածումը իրենք վարույթ էին հարուցել։ Ի տարբերություն ցիտրուսային մրգերի, նպարեղենի մասով ՏՄՊՊՀ նախագահը մտահոգիչ հարցեր է նկատել, սակայն արձանագրել, որ թանկացման հիմքում նաև միջնորդներն են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







