Արցախի արտաքին գործերի նախարարությունը երկրում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
ԱԳՆ-ն նշել է, որ հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: «Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ ճամփորդության սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ ապահովել միջազգային դիտորդների և օտարերկրյա լրագրողների մասնակցությունը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր միջազգային դիտորդներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ իրենց մասնակցությամբ սատարելու Արցախում այս կարևոր ժողովրդավարական գործընթացին։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել են Արցախից և Հայաստանից ոչ կառավարական կազմակերպությունների շուրջ 950 ներկայացուցիչներ»։
ԱԳՆ ընդգծել է, որ քաղաքական բազմակարծության և թափանցիկ պայմաններում կայացած ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Արցախի Հանրապետության իշխանությունների վճռականությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա հանրային կյանքի արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում։
«Համոզված ենք, որ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը և դրանց տարածումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար՝ բացառապես խաղաղ միջոցներով:
Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և հետևաբար հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է»,-նշված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







