Նորմալ է, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանն այսպես է արձագանքել լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիներին բերման ենթարկում հենց մայթից՝ առանց բացատրության:
«Ոստիկանությունը հիմա էլ գործում է օրենքի շրջանակում»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով 2018 թվականի հետ համեմատական անցկացնելու դիտարկումը, ըստ որի խաղաղ ակցիաներ անցկացնելով՝ Հայաստանի քաղաքացիները կարող էին իրենց բողոքն արտահայտել։
Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ պայքարող հայրենակիցներին աջակցելու համար ապրիլի 25-ին Հայաստանի տարբեր մարզերում անհնազանդության ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում, Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։ Ավելի ուշ ակցիաներ են սկսվել նաև Երևանում։ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերը կոորդինատների ճշտման գործընթաց են սկսել։ ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







