Մարդասիրության համաշխարհային 20 առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՀ նախկին պետնախարար, բարերար, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ ազատել նրան։ Հայտարարությունը տարածել է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը։
«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան։ Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես և տարածաշրջանում տասնյակ հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր»,-հայտարարել են նրանք։
Նշվում, է որ Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը․ «Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան եւ ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա եւ տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների»։
Հայտարարության տակ ստորագրել են «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր Ֆարթուն Ադանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Արա Դարզին, «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադին։
Հայտարարության տակ ստորագրել են «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործառնությունների գծով տնօրեն Իլվադ Էլմանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը և Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի այլ անդամներ։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







