Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր կինը՝ Աննա Հակոբյանը, Ստեփանակերտի «բունկերում» (բանակի կառավարման հրամանատարական կետ) է եղել։
«Երբ պատերազմն սկսվեց, կինս ինձ ասաց՝ երբ այնտեղ պատերազմ է, ես չեմ կարող Երևանում պարապ մնալ։ Ասաց՝ գնամ այնտեղ, կլինեն մարդիկ, որոնց օգնություն ցույց տալու խնդիր կլինի»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այդ օրերին շատերը լքել էին Ստեփանակերտը և իր կնոջ՝ այնտեղ գտնվելու խորհրդանշական իմաստն իրենց ընտանիքից որևէ մեկի ներկայությունն էր Լեռնային Ղարաբաղում։
«Եվ այնտեղ ԼՂ ղեկավարության հետ շփում է եղել, հնչել է գաղափար, որ, գուցե, 10 րոպեվ գնան, հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվումէ Ստեփանակերտում»,- ասել է Փաշինյանը։
Շատերը, նրա խոսքով, ողջունել են գաղափարն ու մտածել, որ այն դրական ներգործություն կունենա հատկապես այդ ծանր մթնոլորտում։
«Արդյունքում՝ հրամկազմին քաղաքավարական այց անելու առաջարկ է եղել։ Այդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, բարևել է, ողջունել, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս է եկել»,- նշել է վարչապետը։
Գեներալ-գնդապետ, ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից, հրաժարականի հաջորդ օրը հայտարարել էր, որ նրան հետ են կանչել Արցախում ռազմական գործողությունների գոտուց այն բանից հետո, երբ նկատողություն է արել Փաշինյանի կնոջը:
«Հրամանատարական կետում նստած էր տիկին Աննան, իսկ էկրանին Մատաղիսի մարտն էր։ Տիկին Աննան նստած դիտում էր, որևէ գործի չէր խառնվում, միջամտություն չէր անում։ Երբ ավարտվեց, նրան ասացի, որ այլևս նման տեսարաններ չեն լինելու, բոլոր ուղղություններով մարտերը շարունակվում են։ Ասացի՝ դուք գնացեք, որովհետև տղաները խոսում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից։ Ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց»,- պատմել էր Հակոբյանը և տեղացրել, որ միջադեպից չորս ժամ հետո իրեն կանչել են Երևան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







