Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք հումանիտար խնդիրների վերաբերյալ և հատուկ ուշադրություն հրավիրել էներգետիկ խնդրին, որը հիմանականում առաջացել է թշնամու կողմից Սարսանգի ջրամբարի չգործարկման արդյունքում: Նախարարը նշել է՝ 146 օր շարունակվող շրջափակման 117 օրերին Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:
«Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության»,- ասված է հայտարարությունում:
Պետնախարարի խոսքով՝ նման պայմաններում Արցախը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը:
«Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումն Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն»,- նշում է պետնախարարը:
Ներսիսյանի գնահատմամբ՝ սույն հումանիտար խնդիրը բխում է հենց այս խնդրից։ Ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ:
«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:
Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն»,- նշել է Ներսիսյանն իր տարածած հայտարարության մեջ:
Արցախի պետնախարարն զգուշացնում է, որ Սարսանգի ջրամբարի ջուրն անկախության ողջ ժամանակաշրջանում կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը:
«Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին»,- ասված է հայտարարությունում։
Հաշվի առնելով այս իրողությունները, կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ Գուրգեն Ներսիսյանը ևս մեկ անգամ կոչ է անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Ապրիլի 23-ից Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել՝ փակելով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջը։ Հայաստանը Բաքվի դեմ հայցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան, քննադատել անցակետի տեղադրումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







