Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ շարունակվում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը:
Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
«Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ»,-հայտնում են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։
Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 մլն ՀՀ դրամի չափով տուգանք։
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







