Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 24-ին, Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով, մեկնել է Արցախի Հանրապետություն։
Տիկին Աննա Հակոբյանը այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։
Այցի շրջանակներում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։ Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղոդագրությունից։
Մեխակավան կատարած այցի շրջանակներում տիկին Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։
Նշենք, որ«Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Մեխակավանի մասնաճյուղ է հաճախում Մեխակավանում տեղակայված զորամասի սպաների շուրջ 150 երեխա։ Նրանք սովորում են հուլունքագործություն, նկարչություն, գոբելեն, թատերական արվեստ։ Աշնանից երեխաները հնարավորություն կունենան սովորելու նաև երգարվեստ, ինչպես նաև պատրաստել անօդաչու թռչող սարքեր։ Կենտրոնում գործունեություն են ծավալում նաև սպաների կանայք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







