Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ․ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունները։
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը տեղապահ է ընտրվել 13 կողմ ձայնով։ Այս մասին հայտնել է հայկական «Ակոս»-ը ֆեյսբուքյան գրառման միջոցով։
Տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ․ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Միաբանության 25 ամդամներից 11-ը քվեարկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին։
Տեղապահի պաշտոնը կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ավելի քան 10 տարի թափուր էր և 2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել էր մի գործընթաց, որը պետք է ավարտվեր նոր պատրիարքի ընտրություններով:
Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը: Սակայն, Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







