Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Սաշա Գալստյանն այսօր կդառնար 23 տարեկան:
Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ. Արմավիր քաղաքում։ 2003 թ. սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004 թ. տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ: Նույն տարում ընդունվել և գերազանցության վկայականով ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն:
2014 թ. ընդունվել է Երևանի Հայ Բուսակ բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ստոմֆակ բաժինը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն և անգլերենի դասընթացների։
Սաշա Գալստյանը 2015 թ. հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։
2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ 4 անդամից բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ՝ մեծ կորուստներ է հասցնում և զոհվում հակառակորդի դիպուկահարի գնդակից։
2016 թ. ապրիլի 7-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից Սաշա Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թ. մայիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ «Արիություն» պետական մեդալով։
2016 թ. օգոստոսի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







