Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը՝ Վեհարանը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ՝ Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Այսօր Վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հարիր վսեմությամբ՝ գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։
Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության հենց առաջին տարիներին ջանքեր է ներդվում թե՛ հոգևորականների շարքերը համալրելու ու նոր սերունդ դաստիարակելու, թե՛ Մայր աթոռում ու թեմերում հոգևորականների համար պատշաճ պայմաններ ապահովելու համար։
Հոգևոր առաքելությանը զուգահեռ Գարեգին Բ-ն ձեռնամուխ է լինում Վեհարանի խնդրի լուծմանը։
Տեղեկանալով Վեհարանի նորոգման ծրագրի մասին՝ Կարապետյանների ընտանիքը պատրաստակամություն է հայտնում ամբողջապես ստանձնելու Կաթողիկոսանիստի վերանորոգումը։
Բարերար Սամվել Կարապետյանը թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքի սահմաններից դուրս տարիներ շարունակ իրականացնում է մեծածավալ բարեգործական աշխատանքներ։ Այդ աշխատանքների հիմնական նպատակն է հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ու ժառանգության պահպանումը։
Վերջին 20 տարիների ընթացքում Կարապետյանների ընտանիքը կարևոր ներդրում է ունեցել հայ հոգևոր ժառանգության նորոգության և նոր աղոթավայրերի կառուցման գործում՝ հաճախ առանց այդ փաստերը հանրայնացնելու։
Վեհարանի առաջին հարկում՝ ձախ ուղղությամբ, տեղակայված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունարանը, աշխատասենյակն ու առանձնասենյակը, ինչպես նաև թանգարանը, որտեղ ցուցադրվում են հայ ոսկերչության ու արծաթագործության բարձրարվեստ ստեղծագործությունները։ Նույն հարկում՝ աջ ուղղությամբ, տեղակայված է Գերագույն խորհրդի ժողովատեղին և Վեհարանի աշխատակազմի գրասենյակները։
Երկրորդ հարկում՝ կենտրոնական կենտրոնական միջանցքում՝ երկու մուտքով բացվում է մեծ գահասրահը, իսկ աջ կողմում Մայր Աթոռի ձեռագրատունն է։ Երկրորդ հարկում տեղակայված են կաթողիկոսական գրադարանը, ինչպես նաև Վազգեն Ա Հայրապետի օրոք պատրաստված օնիքսե Հայրապետական գահը։
Հայրապետական վերին հարկաբաժնում կանգնեցվել է նաև պատմական երկու բարձրարվեստ խաչքար։
Վեհարանին զուգահեռ՝ արևմտյան կողմից, Կարապետյանների բարերությամբ կառուցվել է նաև հանդիսությունների սրահը և Սրբոց Հայրապետաց մատուռը։
Սրբոց Հայրապետաց մատուռը ծաղկվել է հայկական գեղեցիկ զարդաքանդակներով, ավետարանիչների խորհրդանշաններով։
Վեհարանի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներն ամբոջացվել են պարտեզի և շրջակայքի ներդաշնակ բարեկարգմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







