Սեպտեմբերի 27-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի գիտատեխոնոլոգիական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) նախագծերի շնորհանդեսը, որը հիմնադրվել է 2016 թվականին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքյան կայքէջից։
Ողջունելով ներկաներին՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարևորել է հիմնադրամի ՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ դիվանագիտական ներկայացուցչության պատերի ներսում անցկացվող շնորհանդեսը։
«Մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանի գիտատեխոլոգիական հիմնադրամի (FAST) հետ, որի հիմնական առաքելությունն է ստեղծել բարենպաստ էկոհամակարգ՝ մեր հանրապետության նորարարությունների և գիտական առաջընթացի խթանման համար։
Դեսպանատունը հետագայում էլ իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Հիմնադրամի նախաձեռնություններին»,-նշել է դեսպան Վարդան Տողանյանը ։
Շնորհանդեսին ելույթ են ունեցել հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Արթուր Ալավերդյանը, ինչպես նաև FAST-ի նախաձեռնությամբ ստեղծված ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (Science and Technology Angels Network-STAN) համանախագահ Ռուբեն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի առաքելության և գործունեության առանցքային ուղղությունների մասին խոսել է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Շնորհանդեսին ներկա են եղել նաև Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Նշենք, որ Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես ունիվերսալ հարթակ Հայաստանում շրջադարձային նշանակություն ունեցող գիտական և տեխնոլոգիական նվաճումները խթանելու, երկրի հիմնարար տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ավանդույթների վերածննդի միջոցով, նորարարությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու և դրանով իսկ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում կրթության զարգացման նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







