Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից մեկում (այժմ` Քալե-Բերդի թաղամասում), գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Սուրբ Մարինե եկեղեցու ավերմանն ու քայքայմանը նպաստում են նաև գանձագողերի՝ ոսկու որոնման աշխատանքները։
Սուրբ Մարինե եկեղեցին ներառված է Թուրքիայի Մուշի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչության կայքում՝ պետության կողմից պաշտպանվող տարածքների ցանկում:
Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ ներառվել էին «քաղաքաշինության» ծրագրում: 2013 թվականին մեկնարկել է քաղաքաշինության ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:
Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնություն ձեռք բերել, իսկ մյուս բնակիչների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել էր լուծել տները՝ հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչեց հանրային գերակա շահ ու դրանք քանդվեցին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել: