Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր ընդունվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումը:
Նշենք, որ քանդակը տեղադրվելու է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում:
Քանդակի տեղադրման մասին որոշմանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը:
Երևանի ավագանու որոշմամբ՝ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող հատվածում հաջորդ տարի կտեղադրվի մեծանուն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հանրահայտ «Քայլող մարդը» քանդակը։ Ուրախ եմ, որ բոլոր երեք խմբակցություններն էլ կողմ քվեարկեցին. 47 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ՝ «Իմ քայլը» խմբակցությունից։
Արտոյի վաղեմի երազանքը վերջապես իրականություն կդառնա»:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում և շուտով արդեն նրա երազանքը կիրականանա և նրա ստեղծագործությունը կտեղադրվի Երևանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







