Անհայտ անձինք գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նյութական վնաս չի կրել, սակայն խմբագրությունն ամբողջապես թափթփված վիճակում է, բոլոր դարակներն ու պահարանն են փորփրել՝ փորձելով ինչ-որ բան գտնել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը։
Սոնա Գրիգորյանը նշեց, որ խմբագրությունում եղել են թանկարժեք իրեր, սակայն դրանք չեն վերցրել իրենց հետ, միայն նայել, ուսումնասիրել են և թողել խմբագրությունում։
Հարցին՝ որևէ կարևոր փաստաթուղթ կամ իր պակասե՞լ է, որն, ըստ նրանց, անհրաժեշտ է եղել խմբագրություն մուտք գործողներին՝ Գրիգորյանը նշեց, որ առաջին հայացքից որևէ բան չի պակասել, դա պարզ կդառնա հետագայում։
«Վարկած ունենք, որ դա կապված է մի քանի օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության հետ՝ Սերժ Սարգսյանի Մարտի 1-ի գործով վկայությունը հրապարակելու համար»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա չեն կարող գողություն որակել, քանի որ որևէ իր կամ առարկա չի տարվել խմբագրությունից։
Հարցին՝ արդյոք խմբագրության տարածքը վերահսկվում է տեսախցիկներով՝ օրաթերթի աշխատակիցը նշեց, որ խմբագրության գլխավոր մուտքի տեսախցիկը գողացել են և այս պահին տարածքում տեսախցիկ չկա։
«Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույնպես հակված է այն մտքին, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու ճանապարհը այնպիսին է, որ իր մեջ պարունակում է զգուշացում, որ երբ ուզենք, կմտնենք խմբագրություն և ցանկացած ինֆորմացիա կարող ենք վերցնել։
Թագուհի Թովմասյանը ևս այս հարձակումը կապել է «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները հրապարակելու հետ։
«Ես կարող եմ դրա հետ կապել, որ ՀՔԾ-ն ցանկանում է ամեն կերպ լրագրողների աղբյուրները բացահայել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում և բացահայտում է ներքին ինֆորմացիաներ, և դա նյարդայնացնում է շատերին, օրինակ վերջին հրապարակումը եղել է Գագիկ Խաչատրյանի գործի մանրամասները, թե ինչ նամակ է քննվում, ինչ քրգործ է, հիմա ես չեմ կարող որևէ գործի հետ կապել, բայց սա ակնհայտ լրագրողներին զգուշացում էր»,- ասել է Թագուհի Թովմասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







