ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հունվարի 13-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով, որ ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է:
«Սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև «աղբ» բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ:
«Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»,- նշել է վարչապետ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:
Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







