Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։
Ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի առաջարկով՝ հանվում են որոշ ոչ աշխատանքային օրեր։
Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
«Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը»,- ասված է նախագծի տեքստում։
Նախարար Քերոբյանն ասաց, որ տարեկան ՀՆԱ-ն այս մոտեցմամբ կաճի 1,5 տոկոսով։
Ի դեպ, նախագծի ընդունմանը դեմ արտահայտվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպյանը։ Նա ասաց, որ այսկերպ կարող են խախտվել աշխատողի իրավունքները, նշելով, որ եթե եվրոպական շատ երկրներում ամանորյա հանգստյան օրերը 1-2-ն են, ապա չպետք է մոռանալ, որ նրանց համար նաև ոչ աշխատանքային են Սուրբ ծննդյան տոնական օրերը, ուստի առաջարկեց աշխատանքային դարձնել միայն հունվարի 4-ը, 5-ը, 7-ը։ Իսկ վարչապետն առաջարկեց այս տեսքով ընդունել նախագիծը և հետագա քննարկումն արդեն ծավալել խորհրդարանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







