Ռուս խաղաղապահները երկուշաբթի օրը Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել փախստականների փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը՝ Արցախ հասցնելով մոտ 1․300 մարդու։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։
«32 ավտոբուս Երեւանից ուղեւորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով մոտ 1․300 մարդու։ Շարասյան շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։ Շփման գծում խաղաղ քաղաքացիների՝ իրենց տները վերադառնալու համար ավտոբուսների առաջխաղացման անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները», — ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ավելի քան 2,3 հազար փախստականներ մեկ օրում Հայաստանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







