Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել են Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
Վարչապետը նշել է, որ վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։ Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Վարչապետն իր ելույթում նշեց, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:
«Մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է օրինակ արձագանքել այսպես. «առանց կրթության հնարավոր է G կարգի կամ «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես: Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ՝ G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող:», — ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ առանց կրթության հնարավոր է նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք նվաճել։
«Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք: Ինչպես են ապրելու ձեր երեխաները, ձեր ընտանիքները: Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր, փայլուն, ճոխ, պսպղուն առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջև նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարևոր նպատակը: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իր մեծագույն նպատակն է՝ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ։
«Միայն սովորելով, գիտելիքով, կրթությամբ կարող ենք ճանաչել մեր խնդիրներն ու դրանց համար լուծում գտնել»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ սեպտեմբեր ամսին Հանրապետությունում կբացվի 21 նոր նախակրթարան։ Իրականացված ծրագրի շրջանակում նախակրթարանները նաև կկահավորվեն անհրաժեշտ գույքով, կապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







