ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնում են արդարադատության նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը:
Տարբեր տեսակի պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու նպատակով քաղաքացիները դիմում են տարբեր մարմինների, որը առաջին հերթին ենթադրում է տվյալ գործընթացին լրացուցիչ ժամանակի տրամադրում, որը, ըստ էության, որոշակի անհարմարություն կարող է առաջացնել վերջիններիս համար, այդ թվում՝ տարբեր ժամային հատվածներում ընդունելություն իրականացնելու պատճառով: ՀՀ-ն՝ ի դեմս երկու պետական մարմնի, կիրառում է ապոստիլի տարբեր ձևաչափեր:
Նշվում է, որ այժմ անհրաժեշտություն է առաջացել ընդունել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող նոր իրավական ակտեր, որոնցով կսահմանվեն էլեկտրոնային ձևաչափով ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները և կկանոնակարգվեն դրանից բխող այլ գործառույթներ:
Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահվելու է մեկ պետական մարմնի՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ «մեկ պատուհան»-ի քաղաքականությանը համահունչ: Արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիների սպասարկման 4 սպասարկման կենտրոն, այդ թվում՝ հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որի ստեղծման նպատակն էր ապահովել միմյանց փոխկապակցված և առաջնահերթ պահանջարկ ունեցող ծառայությունների մատուցումը մեկ վայրում:
Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը օպերատիվ կերպով իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարությունում գործող «Էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի միջոցով: Նույն համակարգի էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացվում է պաշտոնական փաստաթղթերը կազմող պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքի ժամանակահատվածի, նրանց ստորագրության և կնիքների իսկության ստուգումը: Միաժամանակ www.e-services.moj.am կայքի միջոցով հնարավորություն է ընձեռնված քաղաքացիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, էլեկտրոնային հասցեին ստանալ ՔԿԱԳ գրանցումների վերաբերյալ փաստաթղթերը՝ ապոստիլով վավերացված տարբերակով, որը հնարավոր կլինի կիրառել նաև այլ փաստաթղթերի դեպքում:
Այդ առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է իրականացնել լրացուցիչ փաստաթղթերի՝ ապոստիլով վավերցման գործընթացը աշխատանքային ամբողջ ժամերի ընթացքում՝ առանց լրացուցիչ ծախսերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







