Հայաստանը դարձել է 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը («Լանսարոտի կոնվենցիա»): Այս մասին տեղեկացնում է ԵԽ կայքը:
Հաղորդագրության համաձայն, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ հանձնել է վավերագիրը: Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
Եվրոպայի խորհրդի երեխաների սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին Լանսարոտի կոնվենցիան Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 2020 թվականի մայիսի 11-ին: Կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:
Կոնվենցիայի նպատակն է «երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության կանխումը և դրանց դեմ պայքարը», «սեռական շահագործումից և սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը» և «այդ երևույթի դեմ պայքարի համար ազգային և միջազգային համագործակցության պահպանումը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







