ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հակահամաճարակային սահմանափակումների թուլացման հարցին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային սահմանափակումների թուլացումը կառավարության ամենօրյա օրակարգային հարցերից է, և կառավարությունն ամենաշահագրգիռն է սահմանափակումների թուլացման հարցում։
«Այնտեղ, որտեղ հնարավոր է, մեղմացումներ տեղի կունենան։ Այո՛, հուսադրող է, բայց դա կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք։ Բոլոր այն դեպքերում, որ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, օգտագործում ենք, կայացվում են և կկայացվեն որոշումներ։
Իսկ այն մասերով, որոնցով այդ որոշումը չի կայացվում, նշանակում է` տեսնում ենք, որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ այդպիսի հակահամաճարակային կանոնների թուլացումների»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անընդհատ թիրախավորվում է առողջապահական համակարգը, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով։
«Իսկ մարդկանց չվարակվելու հարցը լուծվում է առողջապահական համակարգից դուրս», — ասաց նա։
Վարչապետը նշեց՝ պետք է հոգ տանել միմյանց մասին։
«Չվարակվել ու չվարակել ուրիշներին, դրա համար պետք է պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Եթե մենք այս կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







