Հայկ Սարգսյանը որևէ կապ չունի ո՛չ հանգստյան գոտու, ո՛չ էլ միջոցառում կազմակերպելու հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառանալով տարածված լուսանկարներին ու տեսանյութին, որտեղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ փարթի է ընթանում:
Մակունցը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, և նա տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել:
«Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են հանգստանում : Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ և եղել է առանց դիմակի: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել այդ պահին: Իմ տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը պետք է որ իր գործողությունների համար տուգանված լինի»,-ասաց Մակունցը:
Դիտարկմանը, որ այդ հանգստյան գոտին կապվում է Հայկ Սարգսյանի անվան հետ, «Իմ քայլի» ղեկավարը նշեց, որ նա որևէ կապ չունի ո՛չ հանգստյան գոտու, ո՛չ էլ միջոցառում կազմակերպելու հետ:
«Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաև նրա նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, թեկուզ անզգուշաբար, դիմակ չի կրել»:
Հիշեցնենք, որ Սևանի White Shorja լողափում նախօրեին տեղի ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







