Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։ Այս մասին հայտնում են «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ից։
«Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները»,- ասվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ ֆինանսական աջակցությանը զուգահեռ՝ ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Փոստային ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել են ալկոգել, ձեռնոց և դիմակներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







