Կառավարությունն այսօր՝ հունիսի 18-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման մեջ փոփոխություններ անելու առաջարկությանը։
Համաձայն փոփոխությունների՝ սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով, փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից։
Որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի մեկը: Դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացը ապահովելու համար:
Ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք ու ելք են կատարելու դրանց համար համար հատուկ առանձնացված 17 տեղամասերից: Որսը կազմակերպվելու է օրվա լուսային ժամերին, տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրվա լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի ու ելքի ժամերը, ստուգելու է որսագործիքները, գրանցելու է որսված ձկան քանակությունը
Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։
Նշենք, որ սիգի որսը 2004 թվականից արգելված է։ ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը 2268 տոննա է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա է, իսկ 2020 թվականի համար՝ 200 տոննա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







