Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Արայիկ Հարությունյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Մայր Աթոռի հետ համագործակցության ծրագրերին, պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
ԱՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար և մոտակա ժամանակահատվածում Մայր Աթոռ այցելելու ցանկություն հայտնել:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է ընդունել Արայիկ Հարությունյանի մտադրությունը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղել արցախահայությանը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







